Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Մենք չենք հանդուրժելու քաղբանտարկյալների առկայությունը և համաժողովրդական ազատությունների ոտնահարումը»

«Մենք չենք հանդուրժելու քաղբանտարկյալների առկայությունը և համաժողովրդական ազատությունների ոտնահարումը»
12.12.2008 | 00:00

«ԻՐԵՆՑ ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԶՈՀԱԲԵՐԵԼՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ, ՂԱՐԱԲԱՂԸ»
Հայաստանի ներքաղաքական զարգացումների և արմատական ընդդիմության ապագա հնարավոր դիրքորոշումների վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում Հայ ազգային կոնգրեսի համակարգող ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ
-Պարոն Զուրաբյան, դեկտեմբերի 17-ին կլրանա երկամսյա ժամկետը, որ ընդդիմությունն ընդմիջում վերցրեց` հրապարակային միջոցառումներ անցկացնելու առումով։ Ամսի 17-ից հետո ի՞նչ եք ասելու հանրությանը և, մասնավորապես, Ձեզ սատարող ընտրազանգվածին։
-Այն, ինչ պիտի ասենք, կասվի դեկտեմբերի 19-ին կայանալիք Հայ ազգային կոնգրեսի խորհրդաժողովում։ Մենք արդեն դիմել ենք կառավարությանը` նիստերի դահլիճը մեզ տրամադրելու համար։ Արդեն բավական երկար ժամանակ է անցել, ու պատասխան չկա։ Բայց, բոլոր դեպքերում, խորհրդաժողովը կայանալու է, և մեր դիրքորոշումները հանրությանն անպայման կներկայացվեն։
-Խորհրդաժողովում ներկայացվելու է ընդդիմության նոր ռազմավարությո՞ւնը։
-Բնականաբար։ Ճիշտ կլինի, սակայն, որ նախ ամփոփենք անցած ճանապարհը, և այնուհետև խոսվի արդեն համաժողովրդական շարժման հեռանկարների մասին։
-Նախատեսվո՞ւմ են կոնգրեսի կազմում ինչ-որ կառուցվածքային փոփոխություններ, նոր ուժերի միավորում։
-Այս պահին` ո՛չ։ Բայց անցած ժամանակահատվածում Հայ ազգային կոնգրեսը հիմնադրած 16 կուսակցություններին միացել է ևս երկու քաղաքական կազմակերպություն` Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած «Հայ կամավորականների համախմբումը» և «Ազգային վերածնունդ» կուսակցությունը։
-Այսինքն` այդ կուսակցության` Վաղարշակ Հարությունյանի թևը։
-Այո, սակայն բազմաթիվ հասարակական կազմակերպություններ էլ են միացել կոնգրեսին, այնպես որ, անցած ժամանակահատվածում մեր համակիրների զանգվածը շարունակաբար ընդլայնվել է։
-Շրջանառվում էին լուրեր, որ առաջիկա խորհրդաժողովում Լևոն Տեր-Պետրոսյանն իր համախոհներից որևէ մեկին կառաջադրի կոնգրեսի նախագահ, իսկ ինքը կանցնի ստվեր, չի զբաղվի ակտիվ քաղաքականությամբ։
-Ո՛չ, նման ծրագիր չկա։ Բացի այդ, կուզեի հստակեցնել հետևյալը. այս խորհրդաժողովը Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր համագումարը կամ համաժողովը չէ, որի մասին խոսվում է կոնգրեսի հռչակագրում։ Հիմնադիր համաժողովը կկայանա ավելի ուշ, այնտեղ էլ կհստակեցվեն կոնգրեսի կառույցի մոդելը, ղեկավար մարմինները և այլն։ Դեկտեմբերի 19-ի խորհրդաժողովը միջանկյալ քաղաքական միջոցառում է` մեր հետագա ռազմավարությունն ու դիրքորոշումները հասարակությանը ներկայացնելու նպատակով։
-Հոկտեմբերի 17-ին, երբ ընդդիմությունն ակտիվ գործողությունների երկամսյա ընդմիջում հայտարարեց, դա պատճառաբանվեց ղարաբաղյան հիմնահարցի բանակցային գործընթացով, այդ ուղղությամբ առկա արտաքին մարտահրավերներով։ Ձեր սպասումներն այդ առումով արդարացա՞ն։
-Այն, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ակտիվացումն աննախադեպ է վերջին տասը տարիների կտրվածքով, փաստ է։ Սակայն ամենակարևորն այն է, որ մենք այդ որոշումն ընդունեցինք` ղեկավարվելով պետական շահերով։ Այսինքն` ստեղծեցինք մի իրավիճակ, որ այսօր Հայաստան պետության անունից բանակցողները հնարավորություն ունենան վստահ տանելու այդ բանակցային գործընթացը։ Ընդդիմությունն այս վերահաս արտաքին մարտահրավերների պայմաններում քայլ կատարեց դեպի նոր մթնոլորտի ստեղծում մեր հասարակության մեջ։ Բայց այդ գործընթացը մեր քայլերով էլ սահմանափակվեց։
-Կարծում եք, որ իշխանությունը համարժեք չի՞ արձագանքել ձեր քայլերին։
-Իշխանությունը, ցավոք, մեկ անգամ ևս ցուցադրեց, որ ինքը զուրկ է պետական մտածողությունից։ Օրվա իշխանություններն ապացուցում են, որ շարունակում են առաջնորդվել բացառապես նեղ կուսակցական, խմբակային հաշվարկներով և ընդունակ չեն ազատվելու իրենց բռնապետական մտածելակերպից։ Ոչ մի քայլ չի արվել իրենց կողմից վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։ Մինչդեռ դա կարևոր էր ոչ այնքան ընդդիմության, որքան ընդհանրապես մեր հասարակության համար, Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու առումով։ Առաջին քայլը, որով պետք է սկսվեր ճանապարհի հարթումը դեպի երկխոսություն, քաղբանտարկյալների ազատ արձակումն էր, սակայն այդ ուղղությամբ իշխանությունը ոչ մի նախաձեռնություն չդրսևորեց։ Ավելին, իրենք փորձում են գնալ բավական ստոր ճանապարհով, քաղբանտարկյալներին այցելում ու առաջարկում են ներման խնդրագրեր գրել, ընդունել իրենց մեղքը, և այդ դեպքում նրանց կընդառաջեն։
-Դուք պնդում եք, որ այդ լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը։
-Իհարկե։ Հայ ազգային կոնգրեսն այդ կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ և դատապարտել իշխանությունների այդ գործելակերպը, որը շատ է հիշեցնում խորհրդային տոտալիտարիզմի պրակտիկան։ Սրանով իշխանությունը ցույց տվեց, որ ինքը բացարձակապես չի կարևորում երկխոսությունն ու ազգային միասնականությունը։ Իրենց նպատակը համաժողովրդական շարժման ոգին կոտրելն է, և այդ նպատակին հասնելու համար նրանք պատրաստ են զոհաբերելու պետական շահերը, Ղարաբաղը և այլն։
-Ասում եք` իշխանությունն ընդառաջ քայլ չարեց։ Սակայն, փաստահավաք խումբը, այնուհանդերձ, ստեղծված է։ Դա ձեր պահանջն էր, որովհետև խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովն ընդդիմությունը համարում էր իշխանության գերակայությամբ ստեղծված մարմին։ Իսկ փաստահավաք խումբը ձևավորված է հավասար մասնակցության սկզբունքով։
-Եկեք չմոռանանք, որ Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգություն» կուսակցությունն արդեն երկու անգամ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ փաստահավաք խմբի գործունեության վերաբերյալ։ Մենք բացարձակապես բավարարված չենք այդ քայլերով։ Այն ձևով, ինչպես ստեղծվել է փաստահավաք խումբը, երաշխավորված չէ նրա գործունեության, մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման թափանցիկությունը։ Իսկ դա լուրջ խնդիր է իրական փաստերը բացահայտելու առումով։ Փաստորեն, մերժվեց միջազգային փորձագետներին փաստահավաք խմբում` լիիրավ անդամի կարգավիճակով ընդգրկելը։
-Սակայն միջազգային կառույցներն իրենք, կարծես, հրաժարվեցին փորձագետներ գործուղելուց։
-Այդ առումով որևէ խնդիր չկար, եթե համապատասխան որոշում կայացվեր։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ էր Հայաստան գործուղել համապատասխան փորձագետների։ Նրանք հիմա էլ պատրաստ են դա անելու, մանավանդ որ արդեն կա փաստահավաք խմբի համապատասխան դիմումը։ Այստեղ խնդիրն այն է, որ միջազգային փորձագետները պետք է ունենան փաստահավաք խմբի լիիրավ անդամի կարգավիճակ` քվեարկության իրավունքով։ Մենք սա՛ ենք էական համարում մարտի 1-ի իրադարձությունների իրական բացահայտումն ապահովելու համար։
-Ստացվում է, որ անցած երկու ամսում իշխանությունների հետ Ձեր հարաբերությունները գնալով ավելի սրվեցի՞ն։
-Այո, այդպես է ստացվում։ Հանուն պետական շահերի Ղարաբաղի ընդդիմությունը կատարեց լուրջ ընդառաջ քայլեր, բայց ստացավ մանրախնդիր ու փոքրոգի պատասխան։ Իշխանությունը շարունակում է ցուցադրել, որ իր բռնապետական նկրտումները կարևոր են մնացած ամեն ինչից։
-Եթե փորձենք կանխատեսել, հնարավո՞ր է, որ դեկտեմբերի 19-ից հետո ընդդիմության դիրքորոշումները կրկին կարծրանան։ Եվ ընդդիմությունը վերսկսի հրապարակային միջոցառումների անցկացումը։
-Մեկ բան բոլորի համար պետք է պարզ լինի. մենք չենք հանդուրժելու երկրում քաղբանտարկյալների առկայությունը, համաժողովրդական ազատությունների ոտնահարումը։ Թե կոնկրետ երբ կգա քաղաքական պայքարի ամենաթեժ փուլը, սա արդեն քաղաքական նպատակահարմարության, ակտիվ գործողությունների ճիշտ պահը որոշելու հարց է։
-Ակտիվ գործողություններ ասելով նկատի ունեք ընդդիմության ընդհանո՞ւր գործունեությունը, թե՞ կոնկրետ հանրահավաքները։
-Ընդհանուր առմամբ ակտիվ գործունեությունը մենք չենք դադարեցրել երբևէ։ Հիմա նույնիսկ ավելի ակտիվ ենք, քան նախկինում։ Քաղաքական պայքարի ակտիվ փուլ ասելով` ես նկատի ունեմ զանգվածային միջոցառումները, որոնք որոշակի նյարդայնություն էին ստեղծում մթնոլորտում, հատկապես իշխանությունների համար։ Մենք երկու ամսով դադարեցրինք դա։ Սակայն եթե իշխանության գործելակերպում փոփոխություն չնկատվի, և ամեն ինչ շարունակվի այսպես, մենք, բնականաբար, չենք կարող չվերսկսել զանգվածային միջոցառումները` որպես ժողովրդի ու ընդդիմության բողոքի արտահայտման արդյունավետ ձև։
-Իսկ դուք վստա՞հ եք, որ երկու ամսվա ընդմիջման ընթացքում ձեր ընտրազանգվածի առնվազն մի մասն էական հիասթափություն չի ապրել ձեր մարտավարությունից և այլևս հրապարակ չի գա։
-Մեծ առումով մենք վստահ ենք, որովհետև մեր համակիր զանգվածի մեծամասնությունը, իսկ դա նաև ժողովրդի մեծամասնությունն է, երկու ամիս առաջ միանգամայն նորմալ ընդունեց այդ որոշումը։ Իմ կարծիքով, անցած ժամանակահատվածում շարժումը միայն ամրապնդվել է, ընդլայնվել է ակտիվը, բարելավվել կոմունիկացիոն համակարգը։ Շատ շուտով մեր հանրությունը հնարավորություն կունենա համոզվելու Հայ ազգային կոնգրեսի տարածքային կառույցների ակտիվ գործունեության մեջ ողջ Հայաստանով մեկ։ Իսկ եթե կան մարդիկ, որ այս կամ այն պատճառով թերահավատ են կամ թերահավատ են դարձել, ապա նրանց վերադարձն ընդդիմության շարքեր ակնթարթային լուծում կունենա, երբ տեսնեն, որ շարժումը միայն ամրապնդվել է։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3687

Մեկնաբանություններ